FPO | Armenia
251
page-template-default,page,page-id-251,ajax_fade,page_not_loaded,,qode_grid_1200,footer_responsive_adv,qode-content-sidebar-responsive,transparent_content,qode-theme-ver-13.4,qode-theme-bridge,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.5,vc_responsive
 

Armenia

Հայաստանը մեր ինքնությունն ու սերն է:

Այն մի գեղեցիկ երկիր է, իր ավանդույթներով ու մշակույթնով:

Իսկ հայերը հրաշալի մարդիկ են:

Հայաստանի պատմությունը

Ըստ պատմիչների` Հայկական լեռնաշխարհի հնագույն հայկական միասնական պետությունը եղել է Հայկյանների Այրարատյան թագավորությունը: Մ.թ.ա. IX դարում Այրարատյան թագավորությունը մի շարք պարտություններ է կրում հզորացող Ասորեստանի դեմ պայքարում և թուլանում է: Ուժեղանում է մեկ այլ ցեղային միություն, որն աստիճանաբար իր ձեռքն է վերցնում քաղաքական գերիշխանությունը: Այրարատյան թագավորության անունով ասորեստանցիները այս նոր թագավորությունը անվանում են Ուրարտու: Այն սակայն ուրարտական թագավորների արձանագրություններում կոչվում է Բիայնալե կամ Բիայնելե և Շուրելե, որը համապատասխանում է այժմ ընդունված անվանը` Վանի թագավորություն:

Մ.թ.ա. 9-8-րդ դարերում Վանի թագավորությունը նշանակալիորեն ընդլայնում է իր սահմանները և Մենուայի, Արգիշտիի ու Սարդուր II-ի օրոք դառնում Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից մեկը: Այդ ընթացքում բուռն զարգանում են տնտեսությունը, արհեստները, քաղաքային կյանքն ու մշակույթը, ստեղծվում է ուրարտական հայտնի սեպագիրը: Սակայն Ասորեստանի նոր ուժեղացումն ու նրա հաղթական պատերազմներն ընդդեմ Վանի թագավորության, կիմմերական և սկյութական ցեղերի ներխուժումը, Մարաստանի թագավորության կազմավորումը հանգեցրին Վանի թագավորության անկմանը մ.թ.ա. VI դարի սկզբին (հնարավոր է նաև մ.թ.ա. VII դարի վերջին տասնամյակներին):

Երկիրը մեկ թագավորության ներքո միավորվում է Երվանդունիների արքայատոհմի օրոք: Օգտվելով Ասորեստանյան տերության հետ Քաղդեական Բաբելոնի և Մարաստանի պայքարի արդյունքում առաջացած քաղաքական դատարկությունից` հայկական թագավորը ընդլայնում է իր պետության սահմանները: Հայկական Երվանդունի թագավորները շարունակում են իշխել Հայաստանում` երբեմն զուգորդելով նաև պարսից սատրապի պաշտոնը, կամ գտնվելով նրա իշխանության ներքո: Գավգամելայի ճակատամարտում Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության պարտությունից հետո, Հայաստանը վերականգնում է իր անկախությունը (մայրաքաղաքը` Երվանդաշատ): Արմավիրում գտնված այդ շրջանի հունարեն արձանագրություներից մեկում գրված է. «Գեղեցիկ երկիր Արմենիա»:

Սակայն, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության ավերակներին կազմավորված Սելևկյան պետությունը, կարճ ժամանակով իր տիրապետությունն է տարածում նաև Հայաստանի վրա:

Մագնեսիայի ճակատամարտում (մ.թ.ա. 190 թ.) Սելևկյան բանակի կրած ծանր պարտությունից հետո, Մեծ Հայքն ու Ծոփքը վերականգնում են իրենց անկախությունը: Արտաշեսյանների տոհմի հիմնադիր Արտաշես I-ը (մ.թ.ա. 189-160 թթ.) մի շարք հաջող պատերազմների արդյունքում, ընդլայնում է Մեծ Հայքի թագավորության սահմանները` վերածելով այն ուժեղ պետության: Արտաշեսի թագավորության անբաժանելի մասն էին նաև Արցախը, Սյունիքը և Ուտիքը: Այսպիսով, նրան հաջողվում է միավորել Մեծ Հայքի սահմանները բացառությամբ Ծոփքի:

Տիգրան II Մեծի օրոք (մ.թ.ա. 95-55 թթ.) Մեծ Հայքի թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերության` հասնելով իր քաղաքական հզորության ամենաբարձր կետին: Հիմնականում ավարտելով հայկական հողերի` այդ թվում Ծոփքի միավորումը` Տիգրան II-ը, հաղթական պատերազմների արդյունքում և հենվելով Պոնտոսի թագավորության հետ դաշինքին, ընդլայնում է Մեծ Հայքի սահմանները: Միացնում է Ատրպատականը, Սելևկյան Ասորիքը, Կոմմագենեն, Կիլիկիան, Միջագետքը և այլ տարածքներ: Միմյանց օգնելու և թիկունքներն ապահովելու, ինչպես և Արևելքում Հռոմի դեմ համատեղ պայքարելու նպատակով, Տիգրանն Մեծը իր թագավորման առաջին իսկ տարիներին ռազմաքաղաքական դաշինք է կնքում օրեցօր հզորացող Պոնտոսի թագավոր Միհրդատի հետ: Հայոց արքայի գերիշխանությունը ճանաչում են ոչ միայն Հրեաստանի, Նաբաթեայի, Վիրքի և Աղվանքի թագավորությունները, այլև Պարթևական պետությունը, նրան դաշնակից են դառնում Պարսից ծոցի Արաբական ցեղերը և մի շարք կենտրոնասիական ցեղեր: Արտաշեսյանների օրոք Հայաստանում ուժեղանում է հելլենիստական մշակութային ազդեցությունը: Այդ շրջանում բուռն առաջընթաց են ապրում ճարտարապետությունը, գրականությունը, քնարերգությունը, պատմագրությունն ու թատրոնը:

Այնուամենայնիվ Հռոմի առաջընթացը վերջ է դնում Մեծ Հայքի հզորությանը, որը հասել էր իր գագաթնակետին: Պարտության մատնելով Տիգրանի մերձավոր դաշնակցին Միհրդատին, հռոմեական զորավար Լուկուլլոսը մ.թ.ա. 69 թվականի գարնանը ներխուժում է Հայաստան, սակայն, վերջնականորեն չի կարողանում ծնկի բերել Հայաստանը: Հռոմեական սենատի որոշմամբ, Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսը մ.թ.ա 66 թ.-ին հերթական անգամ հարձակվում է Հայաստանի վրա` շարժվելով դեպի մայրաքաղաք Արտաշատ: Տիգրանը հարկադրված է լինում հաշտություն առաջարկել Պոմպեոսին: Մ.թ.ա. 66 թ. հայ-հռոմեական Արտաշատի պայմանագրի համաձայն, Հայոց թագավորությունը զրկվում է գրաված տարածքների մեծ մասից, սակայն շարունակում է մնալ տարածաշրջանի ուժեղ պետություն: Հետագայում Արտավազդ Երկրորդի և Արտաշես Երկրորդի օրոք, փորձեր են արվում վերականգնել նախկին հզորությունը: Արտավազդը հայկական արքունիքում հելլենիստական հիանալի կրթություն ստացած պետական գործիչ էր: Նա գրել է հրապարակախոսություններ, պատմություններ և ողբերգություններ, բեմադրել է ներկայացումներ:

Երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց է դարձնում պատերազմող Հռոմի ու Պարթևստանի միջև խուսանավելու հմուտ քաղաքականությունը: Արտավազդ թագավորը մ.թ.ա. 34 թ.-ին գերեվարվում է Հայաստան ներխուժած հռոմեական զորավար Անտոնիոսի կողմից և ընտանիքի հետ տեղափոխվում Եգիպտոս, որտեղ այդ առիթով Կլեոպատրա թագուհու մասնակցությամբ, կազմակերպվում է հաղթական մեծ շքերթ: Մ.թ. I դարի երկրորդ կեսին, շնորհիվ հայ-պարթևական դաշնակից ուժերի հաջող պայքարի ընդդեմ Հռոմի, Մեծ Հայքի թագավորության գահն է բարձրանում Տրդատ I-ը, որը Հռանդեայի ճակատամարտում հռոմեացիների պարտությունից հետո (մ.թ. 62 թ.) մեկնում է Հռոմ, որտեղ Ներոնից թագ է ստանում և վերադառնում է Հայաստան (65-66 թթ.): Կայսրից` հռոմեացիների կողմից Արտաշատի ավերման համար որպես փոխհատուցում ստացած գումարով Տրդատ I-ը վերականգնում է մայրաքաղաքը և կառուցում է Արեգակի տաճարը Գառնիում: Մեծ Հայքում հաստատվում է Արշակունիների (պարթև Արշակունիների կրտսեր ճյուղը) արքայատոհմը:

Տրդատ I-ի (66-88 թթ.) գահակալությամբ, սկիզբ է դրվում Արշակունիների կրտսեր ճյուղի իշխանությանը Մեծ Հայքում:

301 թ.-ին` Տրդատ III-ի օրոք (286-330 թթ.), Հայաստանը դառնում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկիրը: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ է դառնում Ս. Գրիգոր Լուսավորիչը: Հռոմի ու Սասանյան Պարսկաստանի նկրտումների դեմ ծանր պայքարը թուլացնում են Հայկական թագավորությունը, որի տարածքը 387 թ.-ին բաժանվում է վերը նշված տերությունների միջև: Իսկ 428 թ.-ին Հայոց թագավորությունը լուծարվում է պարսից արքունիքի կողմից և վերածվում մարզպանության:

Հիանալի գիտակցելով ստեղծված իրադրության ողջ վտանգը պետության և ժողովրդի համար` 405 թ.-ին Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ արքայի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի հովանավորությամբ, ստեղծում է Հայոց գիրը, որը դառնում է աննախադեպ հզոր զենք ազգային ինքնության պահպանման գործում: Հայոց գրերի գյուտը նոր դարաշրջան բացեց հայ մշակույթի, գիտության և գրականության պատմության մեջ: Մեսրոպյան այբուբենով ստեղծված թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունը այնքան հարուստ էր ու կատարյալ, որ V դարը դառնում է հայ մշակույթի պատմության “Ոսկե դար”:

450-451թթ. հանուն Հայրենիքի և քրիստոնեական հավատի, Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, բռնկվեց ապստամբություն ընդդեմ պարսից քաղաքական, կրոնական և տնտեսական ճնշման: Արդյունքում տեղի ունեցավ Ավարայրի վճռական ճակատամարտը: Շնորհիվ հաջորդ` Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության (481-484), կնքվեց Նվարսակի պայմանագիրը:

Հայաստանն իր անկախությունը վերականգնելով, իրավամբ մուտք է գործում զարգացած ավատատիրության շրջան: Լայն զարգացում են ապրում քաղաքաշինությունն ու քաղաքային կյանքը, արհեստներն ու առևտուրը, խաչքարերի արվեստը, դրամական շրջանառությունը և այլն: Առաջանում են տեղային տնտեսական, առևտրային կենտրոններ: Արդյունքում կազմավորվում են Բագրատունի արքաների գերիշխանությունը ճանաչած վասալական մի շարք թագավորություններ (Փառիսոս, Վասպուրական, Կարս, Տաշիր-Ձորագետ, Սյունիք): Իսկ Բագրատունիների մի այլ ճյուղ հաստատվում է հարևան Վրաստանում և գալով իշխանության` IX դարում հիմնվում է վրաց Բագրատունիների թագավորական հարստությունը:

X դարի վերջերից սկսվում է հայկական մանր ավատատիրական պետական կազմավորումների տնտեսական և քաղաքական վերամիավորման գործընթացը միապետության մեջ` Անիի Բագրատունիների դրոշի ներքո: Խոշոր տնտեսական, հասարակական և մշակութային կենտրոն է դառնում Բագրատունիների Անի մայրաքաղաքը: Բյուզանդական կայսրության հետևողական հարձակումների պատճառով, XI դարի կեսերից Բագրատունիների թագավորությունը անկում է ապրում: Վերջապես 1071 թ.-ի Մանազկերտի վճռական ճակատամարտում սելջուկ-թուրքերից բյուզանդացիների կրած պարտությունից հետո Հայաստանը նվաճում են սելջուկ-թուրքերը:

Արդեն XI դարի վերջերից սկսվում է սելջուկյան տերության անկումը: Զավթիչներից փրկված հայ ազնվականության մնացորդները գլխավորում են հայ ազատագրական պայքարը: Միավորված և Վրաստանի օգնությամբ, մեկ տասնամյակի ընթացքում սելջուկյան տիրապետությունից ազատագրվում է Հյուսիս-արևելյան Հայաստանը, որն իր մեջ էր ներառում մի շարք պատմական շրջաններ այդ թվում` Այրարատը, Արցախը և Սյունիքը ամբողջությամբ, Գուգարքն ու Ուտիքը մասամբ: Ազատագրված տարածքները Վրաց թագավորության կազմում ղեկավարվում էին Զաքարյան իշխանական տան և նրանց վասալների կողմից և ունեին լայն ինքնավարություն: Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները և այլ հայ իշխաններ բարձր պաշտոններ էին գրավում վրացական արքունիքում: Հայաստանի ազատագրված հողերը շատ շուտով վերականգնում են իրենց տնտեսությունը և կարևոր դեր են խաղում հայկական մշակույթի, արհեստների ու գիտության հետագա զարգացման մեջ:

Բյուզանդական կայսրության վարած տեղահանման քաղաքականության և սելջուկ-թուրքերի ավերիչ արշավանքների հետևանքով, բազմաթիվ հայեր ստիպված են լինում հեռանալ հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվում է Կիլիկայում, որի բնակչությունը XI դարի վերջերին արդեն մեծամասամբ հայկական էր: Կիլիկիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Լեռնային Կիլիկիայում, 1080թ.-ին առաջանում է Ռուբինյանների իշխանությունը, որը հետագայում իր մեջ է միավորում ողջ Կիլիկիան և մի շարք հարևան շրջաններ: 1198 -ին հայոց իշխան Լևոն II Ռուբինյանը արքայական թագ է ստանում գերմանական կայսրից, և հանդիսավորությամբ թագադրվում է Տարսոս քաղաքում: Կիլիկիայում հաջորդաբար իշխել են մի քանի հայ թագավորական տոհմեր:

Կիլիկիան հայկական պետությունը անկում է 1375 թ.-ին` չնայած, բազմաթիվ հայկական իշխանություններ դեռևս երկար ժամանակ շարունակում էին պահպանել գոյությունը լեռնային անմատչելի շրջաններում: Զեյթունի ինքնիշխանությունը Օսմանյան կայսրությունում գործնականորեն վերանում է Հայոց ցեղասպանության տարիներին: Քաղաքական, հասարակական և ազգային-կրոնական դաժան հալածանքները այդ շրջանում հանգեցրին հայ ժողովրդի ազատագրական պայքարի բուռն ձգտումների:

1722-1730 թթ. ազգային-ազատագրական լայն շարժում է ծավալվում Սյունիքում Դավիթ Բեկի և Արցախում (Ղարաբաղում) Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի և Ավան Յուզբաշու ղեկավարությամբ: XVIII դարի երկրորդ կեսին ազգային-ազատագրական շարժման գաղափարական կենտրոններ են դառնում Հնդկաստանի և Ռուսաստանի հայ գաղթօջախները:

Չնայած ծանր պայմաններին` այդ շրջանում այնուամենայնիվ էապես զարգանում է հայկական մշակույթը և գրականությունը: Մասնավորապես Վենետիկում (1717թ.), հետագայում նաև Վիեննայում ստեղծվում է Մխիթարյանների միաբանությունը, որոնք անգնահատելի դեր են կատարել հայագիտության և հայ ինքնության պահպանման, հայ ժողովրդի մշակութային, գրական ու գիտական ներուժի զարգացման գործընթացում: 1512 թ.-ին Վենետիկում լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», իսկ 1794 թ.-ին Մադրասում` առաջին պարբերական հանդեսը «Ազդարարը»: 1616 թ. Իլով (Լվով) քաղաքում տպագրվում է «Սաղմոս ի Դավիթ» գիրքը, իսկ 1666 թ.-ին լույս է տեսնում հայերեն առաջին տպագիր «Աստվածաշունչը»` բաղկացած 1464 էջից:

1801թ. վերջնականապես լուծարվեց Արևելավրացական թագավորությունը և միացավ Ռուսական կայսրության (այդ թվում նաև հայաբնակ Լոռին): Իսկ հետագայում արդեն Թուրքմենչայի պայմանագրով (1828 թ.) և Ադրիանապոլսի հաշտագրով (1829 թ.), հիմնականում ավարտվում է ողջ Անդրկովկասի միացման գործընթացը: 1828 թ.-ին նախկին Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքների վրա ժամանակավոր ձևավորվում է Հայկական մարզը, որը դառնում է հետագայում վերականգնված հայկական պետականության հիմքը:

Ռուսական կայսրությանը միանալու արդյունքում, արագանում է ազգային ինքնագիտակցության վերականգնումը և կապիտալիստական հարաբերությունների զարգացումը Հայաստանում: Հայ բուրժուազիան, որը շուտով իշխող դիրքեր է ձեռք բերում Անդրկովկասում, սկսում է աշխույժ գործունեություն ծավալել առևտրային, արտադրական և մշակութային այնպիսի կենտրոններում, ինչպիսիք էին Բաքուն, Թիֆլիսը, Բաթումը, Շուշին և այլն: Ալավերդիում և Կապանում սկսում է զարգանալ հանքարդյունաբերությունը, Արարատյան դաշտավայրում` կոնյակագործությունն ու գինեգործությունը, բամբակագործությունն ու կաշեգործությունը: 1870 թ.-ին իրականացվում է ագրարային ռեֆորմը, որն արագացնում է Հայաստանի աստիճանաբար ընդգրկումը համառուսաստանյան շուկայի մեջ:

19-րդ դարի սկզբից Հայաստանը բաժանված էր Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև: Պատմական Հայաստանի հայաբնակ արևմտյան ու արևելյան հատվածները պայմանականորեն անվանվում են Արևմտյան Հայաստան և Արևելյան Հայաստան: Արևմտյան Հայաստան անվանումը շրջանառության մեջ է մտել դեռևս 4-5-րդ դարերից, երբ Մեծ Հայքի թագավորությունը բաժանվել էր Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև:

Արևմտյան Հայաստանը հետագայում անցել է Օսմանյան Թուրքիայի գերիշխանության տակ` Պարսկաստանի հետ ստորագրված Ամասիայի (1555թ.) համաձայնագրով, իսկ Արևելյան Հայաստանը վերջնականապես միացվել է Ռուսաստանին ռուս-պարսկական պատերազմի արդյունքում (1826-1828 թթ.)` Թուրքմենչայի պայմանագրով: Էթնիկական տեսանկյունից Օսմանյան կայսրությունն իրենից ներկայացնում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական տարբեր մակարդակներին գտնվող, մշակութային ու կրոնադավանական զանազան ընդհանրություններին պատկանող 60-ից ավելի ազգերի ու ցեղերի խառնարան: Քրիստոնյա ժողովուրդների տնտեսական դիրքերի ամրապնդումը, ազգային ինքնագիտակցության զարթոնքն ու եվրոպական տերությունների ճնշումների ուժեղացումը համարյա անհնարին դարձրին այդ շրջանում սուլթանական իշխանությունների կողմից տարվող համընդհանուր մահմեդականացման քաղաքականությունը: Հայկական հարցը, որի առաջացումն ի սկզբանե պայմանավորված էր հայկական պետականության անկումով, իսկ հետագայում (19-րդ դարի կեսին) Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի վիճակի կտրուկ վատթարացումով և ազգային ինքնագիտակցության զարթոնքով, դարձավ այսպես կոչված Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը և կարևոր տեղ գրավեց միջազգային հարաբերություններում, մեծ տերությունների մերձավորարևելյան քաղաքականության մեջ:

Հայկական հարցը իրականում առաջին անգամ իր արտահայտությունը գտավ 1878 թ. Սան Ստեֆանոյում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրում: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, Ռուսաստանին են անցնում Կարսի և Բաթումի մարզերը: Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների համաձայն, Օսմանյան կայսրությունը պարտավորվում է բարեփոխումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում և ապահովել հայերի անվտանգությունը: Սակայն, այդ որոշումները այդպես էլ մնում են թղթի վրա, ինչը հանգեցնում է նոր ապստամբությունների Սասունում, Վասպուրականում և այլ վայրերում: Հայկական հարցը դառնում է եվրոպական դիվանագիտության քննարկման առարկա: Առաջին անգամ նոր պատմության շրջանում Հայաստանը և հայերը հիշատակվում են միջազգային կարևոր դաշնագրում: Սակայն թե ռուսական, թե եվրոպական դիվանագիտությունը մտադրություն չունեին պայքարելու Արևմտյան Հայաստանի ինքնավարության համար, ինչպես դա տեղի ունեցավ բալկանյան ժողովուրդների պարագայում: Ռուսաստանը սահմանափակվեց միայն արևմտահայերին հովանավորողի և գրավված հայաշատ տարածքներում բարենորոգումների իրագործման հսկողի դերով:

Սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի կառավարությունը գիտակցելով, թե ինչ դեր կարող է խաղալ Հայկական հարցը տերությունների քաղաքականության մեջ, որոշեց վերջ տալ Հայկական հարցին` ուժեղացնելով հայ բնակչության հալածանքները մահմեդական մոլեռանդության և հակահայկական տրամադրությունների բորբոքման, մշտական սպանությունների և թալանի, տեղական իշխանությունների կամայականության և անօրինության, հայերի բռնի մահմեդականացման փորձերի և գրաքննության սաստկացման, քրդական անկանոն հեծելազորի միջոցով: Այդ քաղաքականության արդյունքում 19-րդ դարի 80-ական թթ. վերջին – 90-ական թթ. սկզբին հայ ազգային-ազատագրական շարժման մեջ սկիզբ առավ նոր փուլ, առաջացան հայկական քաղաքական կուսակցություններ, Արևմտյան Հայաստանում ուժեղացավ ազատագրական պայքարը` ապստամբական շարժումները: 1895-1896 թթ. Օսմանյան կառավարությունը կազմակերպում է հայերի զանգվածային կոտորածներ Արևմտյան Հայաստանում, որոնց զոհ են դառնում ավելի քան 300 հազար հայեր, և տասնյակ հազարավորներ բռնի մահմեդականացվում են: Հայկական հարցը նորից իր վրա է սևեռում եվրոպական դիվանագիտության ուշադրությունը XIX դարի 90-ականներին և 1912-1914 թվականներին: Ըստ 1914 թ.-ի հունվարի ռուս-թուրքական համաձայնագրի` Արևմտյան Հայաստանի տարածքում պետք է ձևավորվեր երկու նահանգ /Հյուսիսային և Հարավային հատվածներ/ եվրոպացի նահանգապետերի գլխավորությամբ:

Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակից, Թուրքիայի այն օրերի կառավարող շրջանակները փորձեցին Մերձավոր Արևելքի, Կովկասի, Ռուսաստանի, Միջին Ասիայի մահմեդականների միավորման միջոցով իրականացնել Մեծ Թուրան հիմնելու իրենց վաղեմի գաղափարը: Այդ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտ էր հայ ժողովուրդը, որն ապրում էր իր պատմական Հայրենիքի երկու հատվածներում՝ արևմտյան և արևելյան: Պատերազմը պատեհ առիթ ընձեռեց թուրք կառավարողներին ժողովրդասպան ծրագիրն իրագործելու և, միաժամանակ, հանցավոր գործողությունները պատերազմական իրավիճակով արդարացնելու ու քողարկելու համար:

1915 թ. փետրվարին երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան հրաման է արձակում թուրքական բանակում ծառայող հայազգի զինվորների ոչնչացման մասին: Ապրիլի 24-ին և հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և Անատոլիայի խորքերն աքսորվեցին մոտ 800 հայ մտավորականներ` գրողներ, լրագրողներ, բժիշկներ, գիտնականներ, հոգևորականներ, այդ թվում` թուրքական խորհրդարանի հայ պատգամավորներ: Նրանց մի մասը զոհվեցին աքսորի ճանապարհին, մյուսը` տեղ հասնելուն պես: Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները հանդես եկան միացյալ հայտարարությամբ: Այս հայտարարությունը կարելի է համարել Հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին միջազգային փաստաթուղթը, որը հայերի դեմ կատարված ոճրագործությունը որակեց որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ» կատարած նոր հանցագործություն, որի համար անձնական պատասխանատվություն են կրում Բարձր Դռան բոլոր անդամները, ինչպես նաև տեղական թուրքական իշխանությունները:

Մայիս-հունիսին սկսվեցին Արևմտյան Հայաստանի (Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների), Կիլիկիայի, Արևմտյան Անատոլիայի և այլ վայրերի հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը: Մշտական ու պատմական բնակության վայրերից տեղահանվող հայերը քարավաններով ուղարկվում էին Միջագետք և Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվում էին հատուկ ճամբարներ: Հայերին ոչնչացնում էին ինչպես իրենց բնակության վայրերում, այնպես էլ աքսորի ճանապարհին` անապատներում: Հարյուր հազարավորներ զոհ են գնացել նաև սովից, հիվանդություններից և համաճարակներից:

Այս հրեշավոր ծրագրի իրագործման արդյունքում՝ շուրջ 1,5 մլն հայեր ոչնչացվեցին: Արևմտյան Հայաստանը զրկվեց իր բնիկ հայ բնակչությունից:

1917 թ.-ի փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում ժամանակավոր կառավարությունը լուծարում է Կովկասի փոխարքայությունը և ստեղծում է Անդրկովկասի հատուկ կոմիտեն: Այդ ընթացքում քայլեր են ձեռնարկվում հայ փախստականներին Արևմտյան Հայաստան վերադարձնելու համար, որոնց թիվը 1917 թ. վերջին կազմում էր մոտ 390 հազար մարդ: 1917 թ.-ի սեպտեմբերին Թիֆլիսում ստեղծվում է Հայոց ազգային խորհուրդը, որտեղ գերակա դիրքեր են զբաղեցնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները: Դեկտեմբերին Անդրկովկասում նոր ձևավորված կառույցի` Անդրկովկասյան կոմիտեի և Օսմանյան բանակի ղեկավարության միջև կնքվում է Երզնկայի զինադադարը: Իր կողմից խորհրդային կառավարությունը հրատարակում է դեկրետ «Թուրքահայաստանի մասին» և ճանաչում է Արևմտյան Հայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունքը` ընդհուպ մինչև անկախ պետության ստեղծումը: Սակայն թուրքական զորքերը, խախտելով հաշտությունը, սկսում են ռազմական գործողություններ:

Հախուռն ստեղծված հայկական զորամիավորումները և կամավորական ջոկատները, չնայած հերոսական դիմադրության, սկսում են նահանջել դեպի Արևելյան Հայաստանի սահմանները: Իսկ Բրեստ-Լիտովսկի հաշտությամբ (1918թ. մարտի 3) Խորհրդային Ռուսաստանը, Գերմանիայի ճնշման տակ, համաձայնվում է վերադառնալ մինչև 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի սահմանները, ինչի արդյունքում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերը անցնում էին Օսմանյան կայսրությանը: Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հետևանքով, փակուղի մտան և ապրիլին դադարեցվեցին Անդրկովկասյան Դեմոկրատական Դաշնակցային Հանրապետության իշխանությունների` (Կոմիսարիատի և հետո Սեյմի) հաշտության բանակցությունները Տրապիզոնում, որոնք 1918թ. մարտից ընթանում էին Օսմանյան կայսրության հետ: Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական զորքերը գրավում են Կարսի մարզը, Կարս և Ալեքսանդրապոլ քաղաքները և շարժվում դեպի Երևան ու Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր), ավերելով ճանապարհին բնակավայրերը և սրի քաշելով հայ բնակչությանը: Իրադրությունը օրհասական էր` այժմ Արևելյան Հայաստանն էր հայտնվել ցեղասպանության սպառնալիքի առջև:

Օրավուր ահագնացող վտանգը միավորում է հայ ժողովրդին, և հայկական զորամասերը աշխարհազորայինների հետ միասին Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում (1918թ. մայիս), գեներալ Մովսես Սիլիկյանի, գնդապետ Դանիել Բեկ-Փիրումովի, Դրաստամատ Կանայանի և այլ զորահրամանատարների գլխավորությամբ, հուժկու հակահարված են հասցնումն առաջացող թուրք զավթիչներին: Այն օրերին, երբ տեղի էին ունենում հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը, հակասություններն ավելի են խորանում հարավկովկասյան երեք հիմնական ազգություններից կազմված Անդրկովկասյան Դաշնակցային Հանրապետության իշխանության մարմիններում: 1918թ. մայիսի 26-ին լուծարվում է Անդրկովկասյան Սեյմը (պառլամենտը), և դրանով իսկ կազմալուծվում է Անդրկովկասյան Հանրապետությունը: Ստեղծված պայմաններում, 1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների միակ և գերագույն իշխանությունը: Ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունը: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո (Մուդրոսի զինադադար` 1918թ. հոկտեմբերի 30), թուրքական զորքերը շուտափույթ ազատում են Արևելյան Հայաստանի տարածքը:

Հանրապետության իշխանությունը տարածվում է Կարսի մարզի մեծ մասի, Էրիվանի նահանգի, Ելիզավետպոլի նահամգի արևմտյան շրջանների և Թիֆլիսի նահանգի հարավային շրջանների վրա: Ղարաբաղը չի մտնում Հանրապետության կազմի մեջ, սակայն չի էլ ենթարկվում մուսաֆաթական Ադրբեջանին և կառավարվում է տեղի հայերի Ազգային խորհրդի համագումարների միջոցով: 1920թ.-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր հերթական համագումարում որոշում է միանալ Հայաստանի Հանրապետությանը: 1920 թ. օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունները, այդ թվում նաև Հայաստանը, Ֆրանսիայի Սևր քաղաքում հաշտության պայմանագիր կնքեցին պարտված Թուրքիայի հետ: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Փարիզի հաշտության խորհրդաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Սևրի հաշտության պայմանագրի “Հայաստան” բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները: Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էր Հայաստանն իբրև ազատ և անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը ու նաև ընդունել բոլոր առաջարկները Հայաստանին դեպի Սև ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող Օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնական կառավարությունը Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Խորհրդային կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկիզբ առած քեմալական շարժումն ուղղել Անտանտի դեմ, 1920 թ. ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որն օգտագործվեց արևմուտքում Հունաստանի, իսկ արևելքում Հայաստանի դեմ: 1920 թ. սեպտեմբերին թուրքական բանակն անցավ հարձակման: Անկարայի կառավարությունը, զավթելով նորանոր տարածքներ և բնաջնջելով հայ ժողովրդի արևելյան հատվածը, ձգտում էր ընդհանրապես զրկել հայերին սեփական պետությունը վերստեղծելու հնարավորությունից: Թուրքական զորքերը գրավում են Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլը:

Իր առջև նպատակ դնելով վերականգնելու Ռուսական կայսրության սահմանները` խորհրդային նոր իշխանությունը անդրկովկասյան հանրապետությունների խորհրդայնացման հեռահար քաղաքականություն էր վարում: 11-րդ Կարմիր բանակը, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո (ապրիլ 1920թ.), գրավում է Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի հիմնական տարածքները, իսկ 1920-ի օգոստոսին Հայաստանի և Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ստորագրվում է հաշտության համաձայնագիր, որով Խորհրդային Ռուսաստանը ստիպում է Հայաստանին ճանաչել դրանք իբրև վիճելի տարածքներ` պայմանով, որ դրանց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր բնակչության կամքի` այսինքն հանրաքւեի արդյունքում: 1920-ի նոյեմբերի 29-ին Կարմիր Բանակի և հայ բոլշևիկների ոչ մեծ ջոկատներ Խորհրդային Ադրբեջանի կողմից մտնում են Իջևան (Քարվանսարա) և Հայաստանը հռչակում խորհրդային:

Ադրբեջանի հեղկոմը, Նարիմանովի ղեկավարությամբ, նոյեմբերի 30-ին որոշում է ընդունում առ այն, որ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը` այլևս վիճելի տարածքներ չեն և համարվում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասեր: Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին համաձայնվում է Հայաստանի խորհրդայնացմանը և հրաժարվում իշխանությունից` հօգուտ բոլշևիկյան Հեղկոմի: Հենց նույն օրը դեկտեմբերի 2-ին, իշխանությունից հրաժարված Հայաստանի կառավարության պատվիրակները, անհասկանալի կերպով, Ալեքսանդրապոլում հաշտություն են կնքում Թուրքիայի հետ, համարելով պատերազմն ավարտած, զիջելով հանրապետության համարյա տարածքի կեսը: Խորհրդային իշխանությունը հետագայում չի ճանաչում Ալեքսանդրապոլի հաշտության պայմանները: Եվ 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բարեկամության և եղբայրության մասին պայմանագիր: Ըստ առաջին հոդվածի, Ռուսաստանի խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Ազգային մեծ ժողովի կողմից չընդունած բոլոր միջազգային պայմանագրերը: Այս դրույթն առաջին հերթին ուղղված էր Սևրի հաշտության պայմանագրի դեմ, որը Թուրքիան ամեն գնով ցանկանում էր չեղյալ հայտարարել:

Վերջապես նոր սահմանը ճանաչվում է Թուրքիայի ու Անդրկովկասյան հանրապետությունների միջև կնքված Կարսի պայմանագրով (1921թ. հոկտեմբերի 13), որը գործում է մինչ օրս: Իսկ 1922-23թթ. Լոզանի միջազգային կոնֆերանսը ավարտվում է մի շարք փաստաթղթերի ստորագրությամբ, որոնցից թերևս ամենակարևորը` «Լոզանի հաշտության պայմանագիրն» է, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները` փաստորեն փոխարինելով Սևրի հաշտության պայմանագրին: Համաձայն նույն Մոսկվայի պայմանագրի` Նախիջևանը դառնում է ինքնավար տարածք /հանրապետություն/` Ադրբեջանի խնամակալության ներքո, իսկ ՌԿ(բ)Կ Կովկասյան Բյուրոյի 1921թ.-ի հուլիսի 5-ի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ: Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ինքնիշխան պետություն չէր, սակայն չափազանց կարևոր դեր է խաղացել հայոց պետականության պահպանման, ազգային ինքնագիտակցության զարգացման հարցում: Չնայած համատարած բռնաճնշումներին, մասնավորապես 1937-ին և 1948-49թթ., Հայաստանը խոշոր հաջողությունների է հասնում տնտեսության, արդյունաբերության և գիտամշակութային ոլորտներում:

Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանը վերածվում է առաջադեմ ինդուստրիալ-ագրարային երկրի, համատարած գրագիտության, զարգացած գիտության ու կրթության, մշակույթի, գրականության ու արվեստի պետության: Հաջողությամբ զարգանում էր և բարձրագույն կրթական համալիրը` Երևանի պետական համալսարանը, որը հիմնադրվել էր դեռևս 1919-ին, և այլ մասնագիտական բուհեր: 1943 թ.-ին ստեղծվում է Գիտությունների ակադեմիան: Հայ ժողովուրդը ակտիվ մասնակցություն է ունենում Երկրորդ աշխարհամարտին:

Խորհրդային բանակի կազմում կռվում էր մոտ 440 հազար հայ զինվոր և սպա: Նշանակալի էր նաև դաշնակիցների բանակներում և ևրոպական երկրների Դիմադրության շարքերում մարտնչող սփյուռքահայերի թիվը: Հայկական ազգային 89-րդ դիվիզիան մասնակցում է Բեռլինի համար մղվող մարտերին: Երկրորդ աշխարհամարտի ավարտին հաջորդող տարիներին մեծ թւով սփյուռքահայեր վերադառնում են Հայրենիք` Խորհրդային Հայաստան: 1960-80-ականներին խորհրդային հանրապետության մտավորականների ու հասարակայնության, ինչպես նաև ղեկավարության կողմից բազմիցս բարձրացվում են Հայոց ցեղասպանության, Սփյուռքի, Ղարաբաղը խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու, Նախիջևանի և այլ ազգային հարցեր: Երևանում տեղի են ունենում խորհրդային իրականության մեջ առաջին բազմահազարանոց ցույցեր:

1985թ. մարտին փոխվեց ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը։ Լճացման տարիների ծերացած ղեկավարությանը փոխարինելու եկան ավելի երիտասարդ և համեմատաբար առաջադեմ գործիչներ։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ առաջին նախագահը։ Նա հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ։ Խորհրդային Միությունը այդ տարիներին կանգնած էր արմատական փոփոխությունների անհրաժեշտության առջև։

Սոցիալիստական հասարակարգի խոր ճգնաժամը, կուսակցական-պետական գաղափարախոսության սնանկությունը, չլուծված բազմաթիվ հարցերն ու առավելապես ազգային խնդիրները ակտիվացրեցին ու շարժման մեջ դրեցին Խորհրդային Միության միլիոնավոր քաղաքացիների` տարբեր ժողովուրդների ու ազգերի։ Այդ շրջանում ազատագրական շարժումների ծավալումը Վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանքն էր։ Առաջինը հանդես եկան արցախահայերը, որոնք ամենևին չէին հաշտվել պատմական իրենց տարածքները Ադրբեջանին բռնակցելու և ողջ խորհրդային շրջանում Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած հակահայկական քաղաքականության հետ։ 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի /ԼՂԻՄ/ մարզխորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, պատմական որոշում ընդունեց։ Մարզխորհուրդը դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին միջնորդությամբ։ Հայաստանում և Սփյուռքում արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցերի մեծ ալիք բարձրացավ։

Երևանում և հանրապետության բազմաթիվ քաղաքներում, Ղարաբաղում կազմակերպվեցին բազմահազարանոց հանրահավաքներ։ Սակայն ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը հենց սկզբից Ղարաբաղյան շարժման նկատմամբ բացասական դիրք գրավեց։ Նա Արցախի և Հայաստանի ժողովրդի հանրահավաքները որակեց որպես սադրիչ, ծայրահեղական, մի խումբ ազգայնականների պահանջ։ Հայաստանում և Արցախում ծավալվող իրադարձություններին հետևում էին և իրենց բարոյական աջակցությունն են ցուցաբերում ԽՍՀՄ տարբեր ազգերի ճանաչված առաջադեմ գործիչներ, արվեստագետներ։ Այն ժամանակ, երբ Հայաստանում և Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988թ. փետրվարի 27–29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց հայ բնակչության վայրագ կոտորած։ Արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, շատերին տանջամահ արեցին և մոտ 200 մարդ վիրավորվեց։ Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազարանոց հայ ազգաբնակչությունը ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։ Ըստ բոլոր հավաստի աղբյուրների, հայերի կոտորածը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից։ Իսկ միութենական կենտրոնական իշխանությունը երեք օր ուշացումով միայն զորք մտցրեց Սումգայիթ։ Զինվորները մեծ դժվարությամբ կարողացան զսպել ազերի ջարդարարներին և քաղաքից դուրս բերել հայ բնակչությանը։ Անգամ Սումգայիթում տեղի ունեցած վայրագություններից հետո Կենտրոնը ղարաբաղյան հիմնահարցը ներկայացնում էր ոչ թե քաղաքական, այլ զուտ որպես սոցիալ-տնտեսական բնույթի խնդիր։

Շարժումն ավելի մեծ ծավալներ էր ընդունում։ Հանրահավաքներին ու բողոքի ցույցերին զուգընթաց` հանրապետությունում և Արցախում սկսվեցին զանգվածային գործադուլներ։ Հայ ժողովուրդը ԽՍՀՄ կառավարությունից պահանջում էր արդարացի լուծել Ղարաբաղի հիմնահարցը, տալ սումգայիթյան եղեռնագործության իրավական ու քաղաքական գնահատականը: 1988թ. մայիսին Երևանում ստեղծվեց «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե»: 1988թ. հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը արձագանքեց ԼՂԻՄ մարզխորհրդի միջնորդությանը և համաձայնություն տվեց մարզը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն: Հարցը դրականորեն լուծելու խնդրանքով` դիմեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդին։ Վերջինիս նախագահության հուլիսի 18-ի նիստին մասնակցում էին Հայաստանի, ԼՂԻՄ-ի, Ադրբեջանի ներկայացուցիչները։ Սակայն ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը մերժեց ԼՂԻՄ մարզխորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանների ընդունած որոշումները։

Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Ադրբեջանի հայաշատ այլ վայրերը ենթարկվեցին զանգվածային ջարդերի ու թալանի` ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն իրականացնում էին էթնիկ զտումներ։ Այսպես. Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Մինգեչաուրից և այլ բնակավայրերից հայերը թալանի ու դաժան բռնությունների ենթարկվելով` արտաքսվեցին։ Բռնագաղթի հաջորդ խոշոր ալիքը սկսվեց 1990թ. հունվարին, երբ մեկ շաբաթվա ընթացքում Բաքվում սպանվեցին հարյուրավոր հայեր, իսկ շուրջ 200 հազարանոց ավանդական հայ համայնքը ստիպված հեռացավ քաղաքից` թողնելով աննկարագրելի մեծ հարստություն: Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակն ավելի վատթարացավ հայ ժողովրդի գլխին պայթած մեծ աղետի՝ երկրաշարժի հետևանքով: 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները։ Հաշված րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին բազում գյուղեր, քաղաքներ ու բնակավայրեր: Զոհվեց ավելի քան 25 հազարից մարդ, իակ մոտ 500 հազարը մնացին անօթևան։

1989թ.-ի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը հռչակում են վերամիավորման մասին: Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի նկատմամբ հալածանքներն ու բռնությունները ավելի անխնա են դառնում, մտցվում է Հայաստանի Հանրապետության և ԼՂԻՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում: Հանրապետություն դադարում են մուտք գործել բնական գազ և տնտեսական, արդյունաբերական և այլ անհրաժեշտության ապրանքներ: 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով փաստորեն սկիզբը դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի: Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը։ Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում է հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ։ Պետական դրոշ հաստատվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, որն առաջին հանրապետության դրոշն էր։ Ընդունվեց նոր պետականության մյուս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նույնպես Առաջին հանրապետությանն էր։ Հռչակագիրն արտոնում էր նաև մարդու իրավունքների հարգում, խղճի, դավանանքի, կուսակցությունների, ժողովների ու խոսքի ազատություն։ Վերականգնվեցին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները: Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով Մոսկվայի աջակցությունից, շարունակում էին բռնությունները հայերի բնակավայրերում և զանգվածային տեղահանությունները։

1991թ. առաջին կեսին ադրբեջանական ՕՄՕՆ-ը (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները) խորհրդային բանակի աջակցությամբ, բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի, Գետաշենի ենթաշրջանի և ԼՂԻՄ հայ բնակչության դեմ՝ իրականացնելով նախօրոք մշակված «Կոլցո» (Օղակ) բռնի տեղահանության օպերացիան։ Զավթիչները հիմնովին ավերեցին բազմաթիւ հայկական գյուղեր ու շեներ: Փաստորեն 1991թ. մայիս-հունիսից Ադրբեջանի կողմից հրահրվեց ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը: Այս մարտահրավերն ընդունեց ողջ հայ ժողովուրդը: Իսկ ԼՂԻՄ-ում ստեղծվեց Ինքնապաշտպանության ընդհատակյա կոմիտե և շտաբ, մարզի բոլոր շրջաններում կազմակերպվեցին ինքնապաշտպանական զինված ջոկատներ:

Ելնելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից՝ խորհրդարանը 1991թ. սեպտեմբերի 21-ին որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա` 1991թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Իրականացավ անկախության վերականգնման հայ ժողովրդի դարավոր երազանքը:

Հոկտեմբերին Հայաստանում անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ, որի արդյունքում՝ ընտրվեց հանրապետության առաջին նախագահը: 1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժյան թավուտ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը և հայտնեց կառույցին միանալու իր պատրաստակամությունը: Նույն թվի դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետություններ) ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով արձանագրվեց ԽՍՀՄ-ի վերջնական փլուզումը և խորհրդային հանրապետությունների անկախացումը: Անկախության հռչակումից կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունը ստացավ համընդհանուր միջազգային ճանաչում։

Սկսվեց հայոց անկախ հանրապետության պետական շինարարությունը: Հանրապետության պետական-քաղաքական ու հասարակական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Այն նպաստեց ու մեծապես ամրացրեց ամբողջատիրական համակարգից դեպի ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը:

2008 թ. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին հռչակագիր՝ Լեռնային Ղարաբախի հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:

Zabytki

Matenadaran – Muzeum Rękopisów Staroormiańskich
Muzeum Historii Armenii
Plac Republiki
Muzeum i Pomnik Ofiar Ludobójstwa Ormian
Kaskadą
Muzeum Siergieja Paradżanowa
Budynek Opery
Aleja Północna
Muzeum Arama Chaczaturiana
Park Krajoznawczy
Muzeum Martiros Sariana
Muzeum Sztuki Ludowej
Plac Wolności
Erywańska Fabryka Koniaków
Centrum Sportowo-Koncertowe
Twierdza Erebuni – Arin Berd

Վիզա (մուտքի արտոնագիր)

Հիմք ընդունելով 2012 թվականի հոկտեմբերի 4-ի Եվրոպական միության անդամ պետությունների (այդ թվում Լեհաստան), եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող եվրոպական միության ոչ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք եվրոպական պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1255-Ն որոշումը, վերջիններս 2013 թ. հունվարի 10-ից ազատվել են մուտքի արտոնագրի պահանջից, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը չի գերազանցում 180 օրը:

Առավել ամփոփ տեղեկատվություն կարող եք գտնել «Լեհը արտերկրում» ուղեցույցում՝ այցելելով Արտաքին գործերի նախարարության կայք հետևյալ հղումով՝ http://poradnik.poland.gov.pl/

Արժույթ

Հայաստանի Հանրապետությունում արժույթը հայկական դրամն է (ՀՀ դրամ): Շրջանառվում են 10, 20, 50, 100, 200 և 500 մետաղադրամները 1000, 5000, 10 000, 20 000, 50 000 և 100 000-անոց թղթադրամները: Դրամը հեշտությամբ կարելի է փոխանակել դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլիով: Այլ արտարժույթով փոխանակումը, ինչպես նաև բանկոմատից գումար հանելը ևս հնարավոր է, սակայն փոխանակման կետերը բավականին քիչ են: Այդ իսկ պատճառով Հայաստան ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում վերցնել դոլար, եվրո կամ ռուբլի:

Օգնություն արտակարգ իրավիճակում

Հրշեջ ծառայություն 101

Ոստիկանություն 102

Շտապ օգնության ծառայություն 103

Կյանքին սպառնացող իրավիճակներում առաջին օգնություն 118

Տարածքի կոդերը

Հայաստան 374

Երևան 374 10/11/60

Լեհաստանից Հայաստան զանգելու համար հավաքել՝

00-374 – կոդ – բաժանորդի հեռախոսահամար

Հայաստանի արտերկիր զանգահարելու համար հավաքել՝

00 – տարածքի կոդ – քաղաքային կոդ – բաժանորդի հեռախոսահամար

Հայաստանի տարածքում մեկ այլ բաժանորդի զանգահարելու համար հավաքել՝

0 – քաղաքային կոդ – բաժանորդի հեռախոսահամար

Երթևեկություն

Հայաստանում երթևեկությունն աջակողմյան է: Մեքենաների համար կա արագության սահմանափակում` 60 կմ / ժ արագությունից մինչև 90 կմ / ժ՝ արագընթաց ճանապարհների համար: Մեքենա կայանելու համար ազատ տարածք գտնելը բավականին հեշտ է: Վարորդի թույլատրելի արյան ալկոհոլի կոնցենտրացիան 0.5 է (հավասարազոր է 330 միլիլիտր գարեջրի):

Ժամային գոտի

GMT +4. 2012 թ.-ից Հայաստանում ժամային փոփոխություն չի իրականացվում, իսկ Հայաստանի և Լեհաստանի միջև ժամային տարբերությունը +2 ժամ է Լեհաստանի ամառային ժամանակահատվածում (մարտի վերջին կիրակիից մինչև հոկտեմբերի վերջին կիրակի) և տարվա մյուս ժամանակահատվածի համար`+3 ժամ:

Տոներ և հիշատակի օրեր

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը`Սուրբ Ծննդյան տոները (ոչ աշխատանքային)

Հունվարի 28- Հայոց բանակի օր (ոչ աշխատանքային)

Մարտի 8 – Կանանց միջազգային օր (ոչ աշխատանքային)

Ապրիլի 7 – Մայրության և գեղեցկության տոն (նշվում է Ավետման օրը)

Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային)

Մայիսի 1 – Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր (ոչ աշխատանքային)

Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության օր (ոչ աշխատանքային)

Մայիսի 28 – Հայաստանի Առաջին Հանրապետության օր, (ոչ աշխատանքային, Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թ.)

Հուլիսի 5 – Սահմանադրության օր (ոչ աշխատանքային)

Սեպտեմբերի 21 – Անկախության օր (ոչ աշխատանքային)

Դեկտեմբերի 7 – 1988 թ. Գյումրու և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Ամենակարևոր կրոնական տոները

Հունվարի 6 – Սուրբ Ծնունդ

Փետրվար 14 – Տրնդեզ

Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:

Տոնի գլխավոր իրադարձությունը խառույկավառությունն է՝ գարնան գալստին ընդառաջ:

 

Ծաղկազարդ

Նշվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ, Ավագ շաբաթվա միաշաբթի՝ կիրակի օրը: Այդ օրն աղջիկները և տղաները հագնում են իրենց լավագույն հագուստներն ու զգեստները, ծաղիկներով զարդարված ծաղկեպսակներ պատրաստում:

 

Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին մարդիկ ողջունում են միմյանց հետևյալ արտահայտություններով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:

Տոնից 10 օր առաջ կանայք սկուտեղի վրա ցորեն են աճացնում, ուր այնուհետև Զատիկի օրը դնում են ներկված ձուն, որն էլ հանդիսանում է տոնի գլխավոր ուտեստը:

 

Վարդավառ

Վարդավառի տոնը ըստ եկեղեցական տոնացույցի  հայերի կողմից նշվում է Զատիկից 14 շաբաթ հետո:

Այդ օրը մեծ թե փոքր խանդավառությամբ իրար օծում են ջրով, միմյանց սեր ու գեղեցկության են տալիս, երգում, պարում, նորոգում աստվածային խորհուրդը, փառաբանում Աստղիկին դիցուհուն՝ ում պատվին, ըստ ավանդության, նշվում է տոնը , իրար նվիրում նորոգ սիրո խորհրդանիշ ծաղիկը՝ Վարդը։

 

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոն

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ խաղողօրհնեքը հայ Առաքելական եկեղեցին տոնում է օգոստոս ամսին: Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։

 

Խաչվերաց` Խաչի բարձրացման տոն

Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյաց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Հայերը այցելում են իրենց մահացած հարազատների գերեզմաններին:

 

Targmanczanc Ton

Սուրբ Թարգմանչաց տոն

Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների հիշատակը (անունը` նշանակում է «թարգմանիչների տոն»):

Հայաստանի գրողների միության առաջարկով 1979 թ.-ից, այս հոկտեմբերյան օրը յուրաքանչյուր տարի նշվում է որպես ազգային տոն:

http://www.armeniawycieczki.com/przydatne_informacje/