«Պատերազմի և երազանքների երկիր» ֆիլմի փակ ցուցադրությունը

Ս.թ․ հոկտեմբերի 26-ին Վարշավայի ամենահայտնի կինոթատրոնում՝ «Կինո Կուլտուրայում» կայացավ հայ ժողովրդի բարեկամ, լեհ ռեժիսոր Յադվիգա Նովակովսկայի «Պատերազմի և երազանքների երկիր» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը:
61 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղ բացառիկ վայրի, հայկական տարբեր ընտանիքների ցավի, խնդիրների և առօրյա կյանքի, հերոս հայ մայրերի ու զինվորների, նոր երիտասարդության և երազանքների մասին:
Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև 2016թ․ ապրիլի քառօրյա պատերազմին, թե ինչպես Ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրագործվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներ՝ ինչպես Արցախի Հանրապետության քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների հանդեպ։
Առ այսօր, չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ ադրբեջանական կողմը հրաժարվում է գործնական քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Պատերազմի և երազանքների երկիր» ֆիլմը ևս մեկ անգամ փաստում է, որ Լեռնային Ղարաբաղն ապագա չունի Ադրբեջանի կազմում, և, ինչպիսին էլ լինի լուծումը, այն պետք է բխի հենց Ղարաբաղի ժողովրդի կամքից: Դա է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի առանցքը: Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմքեր:
Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպվել և իրականացվել է Լեհ-հայկական հիմնադրամի կողմից, որի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանն աջակցել է նաև ս. թ. հուլիսին կայացած հայաստանյան ամենահայտնի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին ֆիլմի և ռեժիսորի մասնակցությանը՝ «Հատուկ ցուցադրություն» ենթաբաժնում:
Ֆիլմի փակ ցուցադրությունն իրականացվեց Լեհաստանում Հայաստանի դեսպանության և լեհական TVP Kultura հեռուստաընկերության պատվո հովանու ներքո:
Լեհաստանում ադրբեջանական համայնքը վաղ առավոտից բողոքի ակցիա էր սկսել կինոթատրոնի դիմաց, թռուցիկներ էր բաժանում անցորդներին ու հանդես գալիս հակահայկական կոչերով: Այնուամենայնիվ, նրանց չհաջողվեց խոչընդոտել միջոցառման իրականացմանը և ևս մեկ անգամ ճշմարտության բարցրաձայնմանը միջազգային հարթակում:
Յադվիգա Նովակովսկայի մասին
Լեհ լրագրող և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է: Ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի պատմության (1981) և լրագրության (1984) ֆակուլտետները: 1989-ից աշխատում է TVP1-ում՝ Լեհաստանի հանրային հեռուստաընկերության ալիքում, որի սեփականատերը Լեհական հեռուստատեսություն կորպորացիան է: 2006-2009 թթ. Նովակովսկան եղել է Լեհական հեռուստատեսության վավերագրական ֆիլմերի խմբագրական բաժնի ղեկավարն ու ղեկավարի տեղակալը:
Նա Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Երժի Նովակովսկու կինն է։
Սցենարի հեղինակ` Յադվիգա Նովակովսկա
Օպերատոր` Տիգրան Մանկիկյան, Հարություն Վարդանյան, Արթուր Ծատինյան
Երաժշտությունը` Միխալ Լորենց
Մոնտաժող՝ Աննա Ֆերենս
միջոցառման նկարները՝ Սմբատ Հովհաննիսյան