Հայերի առանձնատները լեհական Զամոշչ քաղաքում

Հայերի տները Զամոշչում այնքան յուրահատուկ են, որ դրանց համար 1977 թ. քաղաքի պատմական կենտրոնի պահպանման ծրագիր է կազմվել, որն ավելի ուշ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգություն է ճանաչվել։ Հիմա հայկական ոճի երեք առանձնատները քաղաքային թանգարան են։ Իսկ դրանց հարևանությամբ` հին քաղաքում, հայ համայնքն ուզում է հայ ոսկերիչների արհեստանոց ու ցուցասրահ բացել։

Զամոշչը` Լեհաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, ստեղծվել է Յան Զամոյսկու մտահղացումով։ Գետմանը Ռեչ Պոսպոլիտայի ամենահարուստ մարդկանցից էր։ Բայց ոչ միայն։ Նա փիլիսոփայության մեծ գիտակ էր ու արհեստավարժ հռետոր։ Նրա պատվերով իտալացի ճարտարապետները նախագծել են մի քաղաք, որը կատարյալ հասարակության մասին ուտոպիաների մարմնավորումն էր։

Հասարակությունն, իհարկե, կատարյալ չդարձավ, բայց քաղաքում հիմնավորված բուրժուաները ամեն դեպքում ամոթանք չտվեցին Գետմանին. նրանք մտածում էին ոչ միայն դրամապանակի, այլև էսթետիկայի մասին։

Զամոշչի պատմական կենտրոնի ամենագեղեցիկ տներից մեկը կառուցվել է 1645-57 թթ. Բազիլ Ռուդոմիչի համար, որը քաղաքի Ակադեմիայի ռեկտորն էր։ Շենքը կառուցված է լեհական ռենեսանսի ոճով, ունի համապատասխան կամարաշարքեր ու բարձր ձեղնահարկեր։ Այս ոճը քաղաքում հայկական են անվանում, իսկ այն փողոցը, որի վրա գտնում են այս տները, կոչվում է Ulica Ormianska։ Քաղաքում հինգ այդպիսի տուն է մնացել։

Այն ժամանակվա հայերը տարածաշրջանի տնտեսական վերնախավն էին կազմում, նրանք հարստացել էին արևելյան ապրանքի վաճառքով։ Նրանք չէին թաքցնում իրենց հարստ լինելն ու շռայլորեն գումար էին ծախսում իրենց տների վրա։ Դրա համար այդ տները հեռվից առանձնանում էին, ու մնացած քաղաքացիների համար միանգամից տեսարժան վայր էի դառնում։ Այս մասին Rzeczpospolita թերթի հետ հարցազրույցում ասում է Ուրսուլա Ֆիդեցկան, որը «Զամոշչի հայկական առանձնատները» խորագրով գիրք է գրել:

Հայերը, հատկապես դեկորատիվ քանդակներ էին սիրում տան վրա անել, ընդ որում` դրանցում հայկական մոտիվներ էին օգտագործում։

«Նրանք իրենց հետ բերել են պատերի նախշազարդերի ավանդույթը, որոնք հյուսված բույսեր էին պատկերում։ Նաև կենդանական խորհրդանիշեր կան` վիշապ կամ հետևի ոտքերի վրա կանգնած առյուծը», – ասում է նա։

Այդ ոճն ամենալավը երևում է «Հրեշտակի պահած առանձնատուն» շենքի վրա։ Այն կառուցվել է հայ վաճառական Գաբրիել Բարտոշևիչի համար։

Ի՞նչ կար այդ տներում

Պրոֆեսոր Ռուդոմիչը նույնպես այլազգի էր. նա ծագումով լիտվացի էր։ Իսկ կենցաղով շատ էր նման հայի. նա ընտանիքի մարդ էր, հավատացյալ ու նաև նախաձեռնող։ Զամոշչ գալուց հետո նա սովորել էր համալսարանի միանգամից մի քանի ֆակուլտետներում։ Որպես Վերածննդի դարաշրջանի ներկայացուցիչ նա և՛ բժիշկ էր, և՛ իրավաբան, և՛ աստվածաբան։ Իսկ մասնավոր կյանքում նա հավատացյալ կաթոլիկ էր, հինգ երեխաների օրինակելի հայր։

Այդ տանը նա ապրում էր ընտանիքի հետ, հիվանդների էր ընդունում, իսկ ամենաունևորներին առաջարկում էր վճարի դիմաց գիշերակաց` խնամքով ու սնունդով։

Պրոֆեսորի կինն էլ անգործ նստած չէր. նա ամուսնու դեղատանն ու համեմունքների կրպակում առևտուր էր անում։ Հարստանալով`Ռուդոմիչը սկսեց զբաղվել խմիչքի շահութաբեր գործով։ Ընդ որում` հիմնովին էր զբաղվում` և՛ գինի էր սարքում, և՛ օղի, և՛ ածիկ։

Շենքի առաջին հարկում ընդարձակ սրահ կար, երկու մեծ սենյակ ու առանց լուսամուտների խոհանոց (սպասավորների մասին այդքան չէին հոգում)։ Երկրորդ հարկում բնակելի սենյակներն էին` անկողնախորշներով։ Իսկ բակում ջրհորներ ու ախոռներ էին։

XVIII դարը քաղաքի համար բարդ ժամանակ էր։ Արևելյան ապրանքների պահանջարկն ընկել էր, իսկ առևտրի հարցում առաջնայնությունը հայերից հրեաներին անցավ։ Հենց նրանք էլ բնակեցրին հայկական առանձնատները։ Սակայն առևտուրն արդեն առաջանը չէր, այլ պատճառով շենքերը չէին գեղեցկացնում։ Ռուդոմիչի ձեղնահարկում պատուհան էին բացել ու ապրում էին։ Իսկ երբ տանիքը նորոգելու ժամանակը եկավ, ձեղնահարկի վրայի շինությունը պարզապես քանդեցին։

Բախտի բերմամբ, նացիստները չքանդեցին այդ շենքերը։ Գուցե այն պատճառով, որ քաղաքը գաղութացման ծրագրի շրջանային կենտրոնն էր։ Այն նպատակով քաղաքի «ավելորդ» ազգերին «մաքրեցին»։

1944 թ. հուլիսին Կարմիր բանակն ազատեց քաղաքն ու փոխանցեց այն Լեհաստանի իշխանություններին։ 1977 թ. պատմական կենտրոնի պահպանման նախագիծ ստեղծվեց։ Շենքերը սկսեցին վերականգնել 1980 թ., իսկ 1992 թ. քաղաքի պատմական կենտրոնը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության ցանկում։ Հիմա հայկական ոճի երեք առանձնատներում քաղաքային թանգարան է գործում։

Իսկ դրա հարևանությամբ` հին քաղաքում, հայ համայնքն ուզում է հայ ոսկերիչների արհեստանոց ու ցուցասրահ բացել։

Սկզբնաղբյուր՝ www.armeniasputnik.am