Վարչապետն ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները:

Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է մեր երկրի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին և վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը: