Հայ-լեհական բարեկամության խաչքար

Հայ-լեհական բարեկամության խաչքարը կանգնեցված է XIX դարի 20-ականներին քանդված հայկական եկեղեցու վայրում: Վարազդատ Համբարձումյանի հեղինակած և լեհաստանաբնակ հայազգի գործիչ Արսեն Հովսեփյանի հովանավորությամբ խաչքարը տեղադրված է Հայաստանի Առաջին Հանրապետության և Լեհաստանի անկախության 100-ամյակի տարում:

Խաչքարը պարունակում է ինչպես հայկական, այնպես էլ Զամոշչ քաղաքի տարրերը. խաչի հետ միասին պատկերված է Սբ. Տոմաշ առաքյալը և նույն վայրում տեղակայված հայկական եկեղեցու նախագիծը:

Միջոցառումներին ներկա էին Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանը, տիեզերագնաց Միրոսլավ Հերմաշևսկին, Զամոշչի քաղաքապետ Անջեյ Վնուկը, լեհահայոց հոգևոր հովիվ Ներսես քահանա Հարությունյանը և այլք:

Հուշակոթողը վկայում է հայերի դարավոր ներկայությունը Զամոշչ քաղաքում Իշխան Յան (Հովհաննես) Զամոյսկու հրավերով, ով 1585 թ. ապրիլի 30-ի հրամանով արտոնեց հայերին ծավալել առևտրային գործունեություն կենցաղը բարելավելու համար, և, որ ամենակարևորն է կառուցել և ունենալ սեփական եկեղեցին: Այնուհետև, 1589 թ. հայերն այստեղ հիմնվելով ունեցան հայկական շրջան՝ իրենց ղեկավարներով և դատական իշխանությամբ:

1812 թվականին ավստրիական զորքերի արշավանքի հետևանքով Զամոշչի հայկական եկեղեցին հիմնովին քանդվեց: