«Լեհաստան. ինքնություն և սեր» խորագրով ցուցահանդես-մրցույթ

Վարշավայում գործող Լեհ-հայկական հիմնադրամի, «Bardzo Biała» պատկերասրահի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով, ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո ս. թ. նոյեմբերի 9-ին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ «ԼԵՀԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՍԵՐ» ցուցահանդես-մրցույթը:
Մրցույթն անց է կացվում Հայաստանի առաջին Հանրապետության և Լեհաստանի անկախության 100-ամյա հոբելյանների շրջանակներում։
«ԼԵՀԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՍԵՐ» մրցույթի շրջանակներում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի սաները պատկերել են Լեհաստանը իրենց աչքերով և պատկերացումներով:
Մրցույթի հայտարարման օրվանից ի վեր հայ պատանի նկարիչները ակտիվություն և մեծ հետաքրքրություն են ցուցաբերել. եղել են մասնակիցներ, ովքեր ուղարկել են երկու և ավել աշխատանք: Արդյունքում ընտրվել է 39 աշխատանք, որոնց դիտելով հնարավոր է ամբողջական պատկերացում կազմել Լեհաստանի մասին:
Արդյունքում ժյուրին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյան, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյան, Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյան և Face to face աուկցիոն տան տնօրեն Մաչեյ Սկոնեչնի, ընտրեցին լավագույն 7-յակին: Հաղթող արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն նոյեմբերի 12-ին՝ Լեհաստանի անկախության 100-ամյակի ընդունելության շրջանակներում:
Մրցույթին մասնակից մյուս 32 մասնակիցներին ժյուրին շնորհեց պատվոգիր: