Հայկական կիրակնօրյա դպրոց՝ Վրոցլավում

Վրոցլավի հայ համայնքի երեխաներն այսուհետև հնարավորություն ունեն սովորելու կիրակնօրյա հայկական դպրոցում։ Լեհաստանում այն թվով վեցերորդ հայկական դպրոցն է, իսկ Վրոցլավում՝ առաջինը։ Սաները ծանոթանում են հայ ժողովրդի պատմությանը, լեզվի իմացությունը խորացնում, սովորում շախմատ խաղալ։ Անգամ հասցրել են շախմատի առաջնություն կազմակերպել դպրոցի ներսում։
Ըստ Վրոցլավում գործող «Հայերի միության» փոխնախագահ Արարատ Քոչարյանի՝ մայրենի լեզվի իմացությունը կարևորագույն գործոններից է սփյուռքում ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման համար։ Որպես կարգախոս ընտրել են «չխնայել ոչինչ և լծվել հայկական կիրակնօրյա դպրոց բացելու գործին» և առաջ շարժվել։
Ընկերությունը շատ ծրագրեր է արդեն իրականություն դարձրել ՝ «Հայկական» հրապարակի բացումը Վրոցլավի կենտրոնում, խաչքարի տեղադրումը, Լեհաստանում առաջին անգամ հայկական ռադիոհաղորդում ունենալը և այլն։

Դպրոցում անելու դեռ շատ աշխատանքներ կան կապված ներքին հարդարման, ջեռուցման հետ, սակայն դա չի խանգարում երեխաներին սիրով հաճախելու դպրոց։ Դպրոցում գործող գրադարանը ուսումնական գրականության պակասության խնդիր ունի։ Սփյուռքի և Հայաստանի զանազան միավորների հետ ակտիվ համագործակցության պարագայում ակնկալվում է օգնություն՝ գրքերի խնդրի հարցում։
Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ Վրոցլավում գործող «Հայերի միության» նախագահ Ադամ Դոմանասևիչը դպրոցի գրադարանին հայալեզու նոր գրքեր նվիրեց։ Նա, մասնավորապես, շեշտելով դպրոցի բացման կարևորությունը լեհաբնակ հայ երեխաների ազգային նկարագրի պահպանման եւ սեփական ժողովրդի պատմամշակութային արժեքներին ծանոթանալու հարցում, հույս հայտնեց, որ դպրոցը լայն ճանաչում ձեռք կբերի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում եւ կնպաստի հայապահպանման գործին:

Նյութը տրամադրեց Անահիտ Մնացականյանը