Բողոքի ցույց Վարշավայում` Թուրքիայի դեսպանատան դիմաց

2019 թ. ապրիլի 24–ին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի 104–րդ տարելիցի կապակցությամբ Լեհաստանի հայկական մի շարք կազմակերպություններ (Հայ-լեհական հասարակական կոմիտեն, Լեհ-հայկական հիմնադրամը, «Armenian Foundation»-ը, Լեհահայեր ՀԿ), եկեղեցու և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ Լեհաստանի տարբեր քաղաքներից, հերթական բողոքի ցույցն անցկացրին Վարշավայում՝ Թուրքիայի դեսպանության դիմաց:

Բողոքի ցույցն սկսվեց Հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Հայր Յուզեֆ Նաումովիչի աղոթքով՝ ննջեցյալների հոգու հանգստության համար:

Այնուհետև, ելույթ ունեցան Պլոցկի հայ համայնքի ներկայացուցիչ Հրաչյա Ղադիմյանը, պատմ. գիտ. դ-ր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յաբլոնկան և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը: Վերջինս, իր խոսքում հիշատակեց 2018 թ. Կրակովի հայ, քուրդ և ինչու չէ նաև լեհ բնակիչների շրջանում մեծ աղմուկ բարձրացրած Թուրքիայի նախագահ Էրդողանի մտադրության՝ Կրակովում «Թուրք զինվորի» արձանը տեղադրելու վերաբերյալ։

Հրաչյա Բոյաջյանը դժգոհություն հայտնեց, որ Կրակովի քաղաքապետարանի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նախնական համաձայնություն են տվել Էրդողանի առաջարկին՝ շեշտելով, որ Լեհաստանի հայ համայնքը երբեք թույլ չի տա նման տխրահռչակ նախաձեռնության իրականացումը և դատապարտում է Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողական քաղաքականությունը։