«Ryanair»-ը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ «Ryanair»-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն։

«Ryanair-ը լոուքոստ ընկերություն է: Դա նշանակում է, որ ինքն ամեն ձևով պայքարում է, որ ծախսերը նվազացնի, որ կարողանա տրամադրի էժան տոմսեր: Ինքը կարող ա իրականում հեղափոխություն անի մեր ավիացիայում, կարա մտնի ու ամբողջ շուկան փոխի։ Որ Ryanair-ը մուտք գործի հայկական շուկա, ես համոզված եմ, որ ավիատոմսերի գները կնվազեն, ու դրա հաշվին հոսքը կշատանա հա՛մ Եվրոպայից դեպի Հայաստան, բայց Հայաստանից էլ դեպի Եվրոպա»:

Ռևազյանը պատմում է՝ Քաղավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել, արդյունավետ բանակցություններ են անցկացվել: Արդյունքներից գոհ է. – «Շատ լավ պատրչաստված գնացինք, թվերով, ամեն ինչով գնացինք, թե ինչու ա հայկական շուկան հետաքրքիր… Ստացանք առաջարկ ու հիմա մենք կոնկրետ այդ առաջարկի շուրջ ենք բանակցում: Իրանք կոնկրետ ասեցին, որ ուզում են շուկա մտնեն 2020 թվին։ Իրանք ասեցին, որ իրանց միջին տոմսը 40 եվրո ա: Պարզ ա, որ Հայաստանում 40 եվրոյով չեն կարա թռնեն, բայց հաստատ 350, 400, 500 չեն թռնի»:

Տուրօպերատորներից մեկի ներկայացուցիչ Հովհաննես Կանդիլջյանն ընդգծում է, որ դրա շնորհիվ կարող են ապահովել զբոսաշրջիկների քանակի աճ․ – «Միանշանակ Հայաստանը կարիք ունի եվրոպական, և ոչ միայն եվրոպական ավիաընկերությունների մուտքին։ Դա զարկ ա տալու առաջին հերթին տուրիստների քանակի աճին, և, իհարկե, մարդկանց ուղևորափոխադրումների: Հայաստանը կարիք ունի բաց լինելու Եվրոպայում և աշխարհում՝ որպես տուրիստական երկիր իր պոտենցիալով: Եվ իհարկե, նմանատիպ միջոցառումները դրական զարկ են տալու թե՛ տուրիզմի զարգացմանը, թե՛ ընդհանրապես Հայաստանի ճանաչելիությանը աշխարհում: Որոշ ուղղություններից հնարավոր կլինի ավելի մատչելի տոմսեր ձեռք բերել, որովհետև Հայաստանը հիմա գտնվում է էն իրավիճակում, որ շատ ավիաընկերություններ չեն թռնում դեպի Հայաստան»:

«Ryanair»-ի մուտքը հայկական ավիաշուկա Տաթևիկ Ռևազյանը համարում է հայաստանյան քաղաքավիացիայի ամենամեծ ձեռքբերումներից մեկը․ – «Բոլորը ինձ ասում էին՝ անհնար բան ա, երբեք չեն հետաքրքրվի հայկական շուկայով․․․ Բայց գնացի, հանդիպեցի, ճիշտ մոտեցում ունեցա, ու առաջարկ ուղարկեցին»: